Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ապագա բժիշկ (1265-66) 8-9.2012 Մայիս

Առաջին ամբիոնների ստեղծման պատմությունը

Առաջին ամբիոնների ստեղծման պատմությունը

1922 թ. մարտին հիմնադրվում է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը, որի բացման նախապատմությունը մանրամասն ներկայացրել ենք «ԱՊԱԳԱ ԲԺՇԿԻ» նախորդ թողարկման մեջ: Ֆակուլտետի դեկան է նշանակվում առողջապահության հմուտ կազմակերպիչ, բժիշկ Սպանդարատ Կամսարականը:

 

Ուսումնական գործընթացը կազմակերպվում էր մեծ դժվարություններով. դասախոսությունների ու գործնական պարապմունքների համար չկային լսարաններ, լաբորատորիաներ, կլինիկական հիվանդանոցներ, բժշկական սարքավորումներ ու գործիքներ, դասագրքեր, իսկ պրոֆեսորադասախոսական կազմը բաղկացած էր ընդամենը 6 հոգուց:

 

Հաշվի առնելով, որ բժշկական դպրոցի սովորողների թիվն անհամեմատ փոքր էր, համալսարանի խորհրդի որոշմամբ 1922թ. ամռանը բժշկական ֆակուլտետում կատարվում է լրացուցիչ ընդունելություն: 

 

Բժշկական ֆակուլտետի համար սկզբնական շրջանում ուսումնական բազա է դառնում անատոմաֆիզիալոգիական ինստիտուտը, որը տեղակայված էր նվազագույն հարմարություններից զուրկ մի խղճուկ շենքում: Այստեղ մի կերպ տեղավորված էին նորմալ անատոմիայի, ֆիզիալոգիայի և հյուսվածաբանության ամբիոնները: Ախտաբանական անատոմիայի ամբիոնը ժամանակավորապես տեղավորվում է քաղաքային 2-րդ հիվանդանոցի հերձարանում, իսկ ֆարմակոլոգիայի ամբիոնը` քաղխորհրդի մշակույթի տան սենյակներից մեկում:

 

1922-27 թվականների ընթացքում հիմնականում ավարտվեց ինչպես տեսական, այնպես էլ կլինիկական ամբիոնների կազմակերպումը: Ամբիոնների հիմնադրումը կատարվեց ոչ թե միանգամից, այլ աստիճանաբար` կապված ուսումնական պլանի իրագործման հետ: Նախ կազմակերպվեցին առաջին կուրսում դասավանդվող առարկաների ամբիոնները, իսկ այնուհետև, հաջորդ տարիների ընթացքում, նաև` մյուսները:

 

1922թ. հիմնադրվեցին նորմալ անատոմիայի, հյուսվածաբանության, անօրգանական քիմիայի, լեզուների, 1923-ին` կենսաքիմիայի, կենսաբանության, մանրէաբանության, ֆիզիալոգիայի, ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի, ընդհանուր վիրաբուժության, 1924-ին` ախտաբանական անատոմիայի, ախտաբանական ֆիզիալոգիայի, ֆարմակալոգիայի, 1925-ին` օպերատիվ վիրաբուժության, ֆակուլտետային թերապիայի, աչքի հիվանդությունների, մանկաբարձության և գինեկալոգիայի, 1926-ին` մաշկավեներական հիվանդությունների, ընդհանուր հիգիենայի, նյարդային հիվանդությունների, մանկաբուժության, վարակիչ հիվանդությունների, հոսպիտալ թերապիայի, 1927-ին` դատական բժշկության և 1928-ին` հոսպիտալ վիրաբուժության ամբիոնները:

 

1922-30թթ. բժշկական ֆակուլտետի ուսանողների համար հրատարակվել է 17 դասագիրք, որոնցից մի քանիսն ապակետիպ, ոչ մեծ տպաքանակով: Մայրենի լեզվով առաջին դասագիրքը գրեցին և 1922-ին հրատարակեցին Վ. Արծրունին, և Ա. Հակոբյանը: 

 

Ա. Հակոբյանը 1922թ. հրատարակում է «Մարդու նորմալ ֆիզիալոգիայի» դասագիրքը, իսկ Վ. Արծրունին` «Մարդու անատոմիայի» 1-ին պրակը` «Ոսկրաբանությունը»: 

 

1922թ. բժշկական ֆակուլտետ ընդունվեց ընդամենը 122 դիմորդ: 1930-ին բոլոր կուրսերում կար ընդամենը` 270 ուսանող: 

 

Բժշկական ֆակուլտետն իր գոյության ընթացքում տվեց ընդամենը 136 բժիշկ, այդ թվում` 1928-ին` 33, 1929-ին` 29, 1930-ին`42:

 

Ինչպես առաջին, այնպես էլ հետագա տարիների շրջանավարտներից շատերը դարձան անվանի գիտնականներ ու առողջապահության կազմակերպիչներ: 

 

Հետագա տարիներին համալսարանի համապատասխան ֆակուլտետների հիման վրա ստեղծվեցին ինքնուրույն ինստիտուտներ: Բժշկական ֆակուլտետի բազայի վրա 1930-ին ստեղծվեց Երևանի պետական բժշկական ինստիտուտը, որը դարձավ Հայաստանում բժշկական կադրերի պատրաստման իսկական դարբնոց:

 

Եթե 1930թ. սկզբին բժշկական ֆակուլտետի առաջին կուրսում կար ընդամենը 79 ուսանող, իսկ բոլոր կուրսերում միասին վերցրած` 270, ապա 1930-31 ուստարում նորաստեղծ բժշկական ինստիտուտի առաջին կուրսում սովորում էր 163 ուսանող:

 

Բժշկական ինստիտուտի առաջին ռեկտորն էր (դիրեկտոր) Հ.Գ.Հովհաննիսյանը, որը համալսարանի ռեկտորն էր 1922-30 թթ. և ուներ բուհ ղեկավարելու մեծ փորձ և հմտություն: Մինչև 1931թ. բժշկական ինստիտուտն ուներ միայն բուժպրոֆիլակտիկ ֆակուլտետ, իսկ 1931-32 ուստարում բացվեց նաև սանիտարահիգիենիկը:

Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1265-66) 8-9.2012 Մայիս
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ